«Մենք նրա գործը կիսատ չենք թողնի»․ «Սև Հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի ծննդյան օրն է
Ազատամարտիկ, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Սև Հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի՝ «Սև Հովազի» ծննդյան օրն է։
Նա հայրենասեր, ազատատենչ ու հայրենիքի համար մարտնչող տեսակ էր։ Քաջ մարտիկ, որ իր երկրի հաղթանակին հավատալով ու դավաճանների սև գործը կանխելու հույսով նետվեց մարտի։
2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ Հադրութի դիրքերում, դավադրաբար հարված է հասցվել Ռուստամ Գասպարյանին, նրա 29-ամյա որդուն՝ Ռաֆաել Գասպարյանին, ով տեղում մահացել էր ու ևս 2 ընկերոջ։ Ռուստամ Գասպարյանը՝ ստացել է բազմաբեկորային վնասվածքներ գլխի շրջանում։
Հոկտեմբերի 16-ին Ռուստամ Գասպարյանին վիրահատել էին Ստեփանակերտում, այնուհետև տեղափոխել Գորիսի ԲԿ, ապա՝ «Էրեբունի ԲԿ»։ Հոկտեմբերի 17-ին հայտնվեց Ռուստամ Գասպարյանի մահվան բոթը։
Լեգենդար հրամանատարը չհասցրեց ավարտին հասցնել իր գործը։
«Մենք նրա գործը կիսատ չենք թողնի»,- NEWSPRESS.am—ի հետ զրույցում ասաց Սերոբ Գասպարյանը՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրը, ով այդ պահին «Սև Հովազ» ջոկատի տղաների ու մտերիմների հետ հերոսի շիրիմի մոտ էր։
Տղերքն այնտեղ էին՝ հրամանատարի երկնային ծնունդը շնորհավորելու։
«Նա նաև իմ հրամանատարն էր։ Միշտ ասում էր՝ պատրաստ եմ կյանքիս գնով հայրենիքս պաշտպանելու։ Հիմա, «հովազներն» այստեղ են ու մենք էլ ենք ասում՝ պատրաստ ենք հայրենիքը պահելու ու պահպանելու թե՛ ներքին թշնամուց, թե՛ արտաքին թշնամուց։ Ինչպես լուսահոգի եղբայրս էր ասում՝ մենք հայրենիք չունենք թուրքին տալու։ Հայաստանն Աստծո տունն է ու Հայաստանի սահմաններն էլ գծված են հազարավոր տղերքի թափած արյունով։ Այդ գծած սահմանը մենք հետ ենք բերելու»,- ասաց Սերոբ Գասպարյանը՝ մեզ հետ զրույցում։
Նկարում՝ Սերոբ ու Ռուստամ Գասպարյանները:
Նկատենք, որ որոշ փաստաթղթերում Ռուստամ Գասպարյանի ծննդյան օրը հիշատակվում է ապրիլի 11-ին։ NEWSPRESS.am-ի հետ զրույցում Սերոբ Գասպարյանը պարզաբանեց, որ դա ուղղակի սխալմունք է եղել։
«Հորս պատճառով սխալ թիվ են գրել։ Մեծ մարդ էր, սխալ են հասկացել ու էդպես էլ մնացել է։ Բայց եղբորս ծննդյան օրը դեկտեմբերի մեկին է»,- ասաց նա:
Կենսագրություն
Նա ծնվել է դեկտեմբերի 1-ին, 1961թ-ին, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։
1996 թ. ավարտել է Արմավիրի «Արարատ» համալսարանը՝ իրավագետ մասնագիտությամբ։
1979-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1989 թվականից մասնակցել է Արցախի ազատամարտին։
1994-2000 թթ. ծառայել է ՀՀ բանակում՝ զբաղեցնելով հրամանատարական տարբեր պաշտոններ։
2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 21 ընտրատարածքից։
2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։
2017 թ․-ից հեռացել է ԲՀԿ կազմից և քաղաքականությունից։
Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։
Պարգևներ
Պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով, ԼՂՀ Արիության մեդալով, ինչպես նաև ՊՆ, ԵԿՄ բազմաթիվ հուշամեդալներով։ 2011 թ. սեպտեմբերին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։ 2020 թ․ դեկտեմբերի 25-ին հետմահու պարգևատրվել է Արցախի հերոս, Արցախի Հանրապետության բարձրագույն կոչման, արժանացել՝ «Ոսկե արծիվ» շքանշանի։
Ներկայացնում ենք NEWSPRESS.am-ի արխիվային ռեպորտաժը Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ «Սև հովազ»-ի այցի մասին Մարտակերտի շրջանի դիրքեր: