Այս տարվա գրանցված գործազուրկների թիվը 50.400 է. նախարար
2022 թվականին երկրորդ եռամսյակիի տվյալներով ունենք գործազրկության նվազում մինչև 13 տոկոս: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ Միասնական սոցիալական ծառայության կողմից հավաքագրված 3260 թափուր աշխատատեղ կա, բայց Վիճակագրական կոմիտեի մեկ այլ տվյալներով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակի առումով 9800 թափուր աշխատատեղ կա:
«Սա նշանակում է, որ մենք մի կողմից ունենք գրանցված գործազուրկներ, որոնց այս տարվա թիվը 50.400 է, 2021 թվականի համեմատ նվազել է 8000-ով, բայց մենք ունենք վերլուծություն՝ ՀՊՏՀ-ի կողմից իրականացված, թե առաջիկա երեք տարիներին որ ոլորտներում է աշխատաուժի պահանջարկը մեծանալու՝ գյուղատնտեսություն, շինարարություն, մեծածախ, մանրածախ առևտուր, փոխադրումներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ և առողջապահական սպասարկման ոլորտ»,- ասաց նախարարը: