Սեպտեմբերյան ագրեսիայից 2.5 ամիս անց «Եռաբլուրում» դեռ հուղարկավորություններ են տեղի ունենում (տեսանյութ)

44-օրյա պատերազմից 2 տարի է անցել, իսկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնը շարունակում է մեծանալ։ Մի կողմից նոր գերեզմանափոսեր են փորվում, մյուս կողմից բարեկարգման, սալիկապատման աշխատանքներ են իրականացվում, եզրաքարեր են շարում թարմ շիրիմների մոտ, որոնցում ամփոփված եմ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով նահատակված հայ զինծառայողների մարմինները։
44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների շիրմաքարերի տեղադրման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Պետությունն ի սկզբանե 7 տեսակի քար էր առաջարկել, որից ծնողներն ընտրել էին 4-ը։
Քարի տեսակի ընտրությունը պաշտպանության նախարարությունը թողել էր զոհվածների հարազատներին, սակայն քարի բարձրության, լայնության և հաստության, տապանի երկարության հստակ չափանիշներ էր սահմանել։ Ծնողներից միայն 25-ն էր համաձայնվել մի հատվածում միանման սպիտակ քարեր տեղադրել։
Պանթեոնի բարեկարգման աշխատանքներն ավարտել չեն կարողանում, քանի որ շիրիմներն անընդհատ ավելանում են։ Պանթեոնում հուղարկավորում են նաև վերջին 2.5 ամիս առաջ երկօրյա ագրեսիայի հետևանքով զոհված, բայց շաբաթներ անց Ադրբեջանի կողմից վերադարձված զինծառայողների մարմինները։ Մինչև այս պահը Հայաստանին է վերադարձրել 156 մարմին, որոնցից 13-ը երկու օր առաջ՝ նոյեմբերի 28-ին։
Պաշտոնական տվյալով՝ սեպտեմբերի 13-14-ի հարձակման հետևանքով հայկական կողմի զոհերի և անհայտ կորածների թիվը գերազանցել է 210-ը, անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։
Մանրամասները՝ տեսանյութում: