Պայքարը շարունակվելու է. քաղաքական նպատակները չեն փոխվել․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
Ո՛չ «Վերածնվող Հայաստանն» է այս իշխանությանը տված գնահատականները փոխել, ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ էլ «Հայաստան» խմբակցությունը։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը երեկ հայտարարեց, որ դադարեցնում է գործունեությունը ԱԺ–ում։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց ռազմավարությունը ինչպես եղել, այնպես էլ մնում է նույնը։
«Մեր պայքարի շարունակությունը պետք է լինի աշխատանք ժողովրդի, ազգային ինստիտուտների հետ։ Մեզ դեռ չի հաջողվել իրականացնել մեր առջև դրված հիմնական նպատակը, սակայն պետք չէ անտեսել մեր ունեցած միջանկյալ արդյունքները»,- ասաց Մինասյանը՝ խնդրելով չանտեսել օրինակ այն, որ իշխանությունները չեն կարողացել տարեսկզբին իրականացնել, իր իսկ որակմամբ, թուրք-ադրբեջանական ծրագրեր։
Ինչ վերաբերում է պատգամավորների մանդատները վայր դնելու հետ կապված իշխանության հնարավոր ճնշումներին, ապա Մինասյանը նշեց, որ այդ ճնշումները միշտ էլ եղել՝ թե՛ քաղաքական հետապնդումներով, թե՛ իշխանական լրատվամիջոցների կողմից կեղծ լուրեր տարածելով։
Նա նշեց նաև, որ այս պահին այլ պատգամավորների մանդատ վայր դնելու մասին որևէ քննարկում չկա։