Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Փավստոս Բյուզանդ-Հանրապետության փողոցների խաչմերուկում բախվել են Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ծառայողական ավտոմեքենան՝ Volkswagen Phaeton և Nissan March մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Volkswagen Phaeton-ը հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում և սպասարկում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Արդյոք գլխավոր դատախազը վթարի պահին ավտոմեքենայում է եղել, թե ոչ, պարզվում է։
Դեպքի առնչությամբ էլ դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ տուժածներ չկան։
«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ գործընկերներ,
Տեղեկացնեմ, որ Գլխավոր դատախազության ավտոմեքենան այսօր, ժամը 16:10-ի սահմաններում, գլխավոր ճանապարհով՝ Հանրապետության փողոցով, թույլատրելիից ցածր արագությամբ, ընթացել է և մուտք գործել խաչմերուկ, երբ նույն պահին երկրորդական ճանապարհից՝ Բուզանդ փողոցից, խաչմերուկ է մուտք գործել Nissan մակնիշի ավտոմեքենան և առաջամասով բախվել է գլխավոր ճանապարհով ընթացող՝ Գլխավոր դատախազության ավտոմեքենայի աջ կողային մասին:
Տուժածներ չկան»,- նշել է նա: