Սաակաշվիլիի օրգանիզմում մկնդեղ է հայտնաբերվել. փաստաբան
Բացի սնդիկից ու ծանր մետաղներից, բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բժշկական հետազոտությունները նրա օրգանիզմում մկնդեղի բարձր պարունակություն են ցույց տվել։ Այս մասին հայտարարել է Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն, փոխանցում է Mtavari հեռուստաալիքը։
«Մենք դեռ եղունգների անալիզ չենք ստացել, այսօր կգան պատասխանները, բայց նախապես պարզվեց, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է մեկ այլ նյութ՝ մկնդեղ»,- ասաց փաստաբանը։
Ավելի վաղ Սաակաշվիլիի փաստաբաններն ու մայրը հայտնել էին, որ նա թունավորվել է ծանր մետաղներով, այդ թվում՝ սնդիկով։