Այդ ի՞նչ ռիսկի առաջ ենք կանգնած, որ անպայման ուզում ենք այս փաթեթն ընդունենք․տնտեսագետ (տեսանյութ)
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը քաղաքացիների եկամուտների համընդհանուր համակարգի ներդրման հարցում ռազմավարություն չի տեսնում։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ-ում հայտարարագրման համընդհանուր համակարգի ներդրման օրենսդրական նախագծի քննարկման ժամանակ։
Տնտեսագետը նշեց, որ արդյունավետության համար նախ որոշում են ռազմավարությունը, ռազմավարական նպատակները, և միայն հետո պրոցեդուրաներ են մշակում։ Ըստ Արմեն Խուրշուդյանի՝ հակառակ դեպքում, հետո ռազմավարական նպատակը մոռանում ու պրոցեդուրաներն են դառնում նպատակ։
«Հետո էլ գալիս է մի պահ, որ առհասարակ մոռանում են, թե ինչո՞ւ են այդ պրոցեդուրաները գրել։ Տեխնիկական գիտության մեջ դա կա, քանի որ թվայնացման մասին ենք խոսում, կոչվում է տեխնոլոգիական պարտք, կա նաև բյուրոկրատական պարտք և իմ ասած պրոցեդուրալ պարտքը։ Սա այն պարտքն է, որ աշխարհը զարգանում, առաջ է գնում, բայց այդ պարտքը վրադ բեռ է նստած, դու պետք է հրաժարվես այդ պարտքից ու նորը գրես։ Ուղղակի, երբ դա անում ես առանց ռազմավարական նպատակի, դառնում է ինքնանպատակ։ Այստեղ ես այդ ռազմավարական նպատակն ընդհանրապես չեմ տեսնում՝ սա է խնդիրների խնդիրը»,- նշեց տնտեսագետը։
Շարունակելով միտքը՝ տնտեսագետը նաև ասաց, որ ամեն ինչից խոսեցին՝ սոցիալական հարցերից, կրթությունից, մշակույթից և այլն, սակայն հարկային հարցերի մասին չխոսեցին։ Ըստ այդմ, Աշոտ Խուրշուդյանը հարց ուղղեց նախագիծը ներկայացնող Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին։
«Ի՞նչ կլինի, եթե սա առհասարակ չընդունենք, ասացեք այն կորուստները, որ երկիրը կկրի, եթե այս փաթեթը չընդունենք։ Ուզում եմ տեսնեմ՝ այդ ի՞նչ ռիսկի առաջ ենք կանգնած, որ անպայման ուզում ենք այս փաթեթն ընդունենք»,- ասաց նա։
Բացի այդ, տնտեսագետը նաև նկատեց, որ ֆիզիկական անձանց վրա փաստացի դրվում է իրենց ամբողջ բալանսը ներկայացնելու պարտավորություն, երբ պետությունը դա չի կարողանում անել։