Մակրոնը Ռուսաստանին մեղադրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները հրահրելու մեջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի օրը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու մեջ՝ որպես կովկասյան տարածաշրջանում և դրանից դուրս ապակայունացնելու ջանքերի մի մաս։ Այս մասին հայտնում է Reuters-ը:
Մոսկվան, որը պաշտպանական պայմանագիր ունի Հայաստանի հետ և այնտեղ տեղակայված ռազմաբազա, 2020 թվականին հրադադարից հետո հազարավոր խաղաղապահներ է տեղակայել տարածաշրջանում։
Դա վերահաստատեց նրա դերը որպես ոստիկան և գլխավոր ուժային միջնորդ նախկին Խորհրդային Միության անկայուն հատվածում, որտեղ Թուրքիան նույնպես աճող ազդեցություն ունի՝ Ադրբեջանի հետ իր սերտ դաշինքի շնորհիվ:
Այնուամենայնիվ, չորեքշաբթի օրը France 2 հեռուստատեսության հետ զրույցում Մակրոնն ասել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի:
«Այն, ինչ կատարվում է սահմանին վերջին երկու տարիներին... 5000 ռուս զինվոր ենթադրաբար այնտեղ է, որպեսզի երաշխավորի սահմանի խաղաղությունը, բայց ռուսներն օգտագործել են մի քանի տասնամյակի պատմություն ունեցող այս հակամարտությունը և Թուրքիայի միջոցով խաղացել են Ադրբեջանի խաղը, որի նպատակն է թուլացնելու ժամանակին իր համար մտերիմ երկիր եղած Հայաստանը: Տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում: Սա Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձ է, նա ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է Մակրոնը։