Ալեն Սիմոնյանի «հույսը» Պրահայի հանդիպումն ու «խաղաղության պայմանագիրն է»

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սպասում է, որ «խաղաղության պայմանագիր» կնքվի։ Նա իր «հույսը» դրա հետ է կապում։ Լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը նկատեց, որ հարևանները վստահություն չեն ներշնչում, քանի դեռ չկա «խաղաղության պայմանագիր»։
«Մենք տեսնում ենք ճանապարհ, որով կարելի է գնալ, կստացվի, թե ոչ... տեսնում ենք, որ ներգրավված են միջազգային գործընկերներ»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ Հայաստանն ինչ-որ զիջումների դիմաց է փորձում «խաղաղության պայմանագիր» կնքել, Ալեն Սիմոնյանն ասաց. «Բոլոր հետագա հայտարարությունները, որ կհնչեն, որ այս բանակցությունները կամ հնարավոր պայմանագիրն ինչ-որ բանի դիմաց են, դրանք իրենց տակ ոչ մի հիմք չեն կարող ունենալ»:
Հարցին, թե արդյոք Պրահայում որևէ փաստաթուղթ չի՞ ստորագրվելու, Սիմոնյանը պատասխանեց, թե որևէ փաստաթուղթ չկա։
«Սա նոր ֆորմատ է. Ֆրանսիայի նախագահը, որը ԵՄ նախագահն է, և երկու երկրների ղեկավարները, սա լիովին նոր ֆորմատ է, որից մենք շատ ավելի մեծ սպասումներ ունենք: Եթե մենք խոսում ենք Մինսկի խմբի համանախագահների և Մինսկի խմբի գործունեության մասին, ես այսօր կարող եմ արձանագրել, որ մենք ունենք ավելի բարձր ֆորմատի վիճակ: Եթե այն ժամանակ համանախագահների մակարդակով էինք, այսօր Ռուսաստանը նախագահի մակարդակով ներգրավված է այս պրոցեսի մեջ, Ֆրանսիան նախագահի մակարդակով ներգրավված է, ԱՄՆ-ն պետքարտուղարի մակարդակով է ներառված»,- ասաց նա: