«Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից». Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է, որ դիմել են ՀԱՊԿ-ին ու այդպես էլ ոչ մի արձագանք չեն ստացել։
«Նույնիսկ «չէ» չունենք»,- ԱԺ նախագահն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Այնպես որ, այս պահին մտադրություն կա քննարկել այն բոլոր հարցերը, որոնք կապված են ՀԱՊԿ-ի հետ։ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ քննարկելու են նաև Հայաստան-Ռուսաստան փոխօգնության մասին պայմանագրի հետ կապված հարցերը։
Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է եկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու ժամանակը, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից, որովհետև, եթե այդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, ես մնում եմ իմ կարծիքին, որ մենք պետք է շատ երկար մտածենք ու հասկանանք։
Բայց, միևնույն ժամանակ, սա խաղուպար չէ, որ արագ ու կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու՝ հետո ի՞նչ ենք անելու, բայց այն, որ խնդիր կա, ես դրա մասին խոսելու եմ»,- ասաց Սիմոնյանը։