Հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը Պրահայում կհանդիպեն

Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում կհանդիպեն եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնում է «Սաբահ» թերթը` վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ լրատվամիջոցի՝ բանակցություններում նախատեսվում է քննարկել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը։ Մասնավորապես, Էրդողանը պատրաստվում է Փաշինյանին առաջարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպումները հաջորդաբար անցկացնել Թուրքիայում և Հայաստանում, այլ ոչ թե երրորդ երկրների տարածքում։
Բացի դրանից, Թուրքիայի նախագահը հանդես կգա տարածաշրջանում լարվածության թուլացման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արագ ստորագրման առաջարկներով։