Արագածի բաժնի ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ որսագողության դեպք են բացահայտել (տեսանյութ)
Սեպտեմբերի լույս 28-ի գիշերը ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները հերթական գիշերային շրջայցն էին իրականացնում բաժնի սպասարկման տարածքում։
Ոստիկանությունից հայտնում են, որ Լեռնապար գյուղում նրանք ստուգել են Լոռու մարզի Ջրաշեն գյուղում բնակվող 43-ամյա մի տղամարդու վարած մեքենան։ 28-ամյա ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է համապատասխան փաստաթղթով երկփողանի որսորդական հրացան: Նրանց «Մերսեդեսի» բեռնախցիկում էլ կզաքիս և վայրի թռչուն՝ դաշտային մկնաճուռակ կար։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ թռչնի այդ տեսակի որսը Հայաստանում արգելված է։
Ուղևորը հայտնել է, որ և՛ կզաքիսը, և՛ թռչունը որսացել է Լեռնապար գյուղի դաշտերում։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։