Եղել է, որ փողը տվել ենք, բայց զենք չեն ուղարկել. Փաշինյանը սլաքներն ուղղեց դաշնակից երկրներին (տեսանյութ)

Այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի կառավարության նիստը վարում է Նիկոլ Փաշինյանը: Նախքան նիստի օրակարգին անցնելը, նա նշեց, որ երեկ երեկոյան ադրբեջանական կողմը կրակել է հայ դիրքապահների ուղղությամբ և հայտնեց, որ այդ պահին դիրքապահները ՀՀ սուվերեն տարածքում իրականացնելիս են եղել ինժեներական աշխատանքներ:
Նրա խոսքով` «Ադրբեջանի նման սադրանքներն ունեն մեկ հեռահար, կամ գուցե ոչ հեռահար նպատակ. փորձում են այնպես անել, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, հրաժարվենք ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից զիջումներ անել»:
Փաշինյանը նշեց նաև, որ Ադրբեջանը թույլ չի տալիս մեր դաշնակիցներին զենք մատակարարել Հայաստանին:
«Ադրբեջանը նման սադրանքներով փորձում է այնպես անել, որ Հայաստանը հնարավորություն չունենա իրականացնել զինված ուժերի բարեփոխումները: Ցավոք, նրանք հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով` որտեղ հնարավոր է, նրանք փորձում են էնպես անել, որ Հայաստանին զենք չմատակարարվի և ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, որ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում` դաշնակից երկրների կողմից: Սա, իհարկե, ցավալի իրողություն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: