Եթե ֆորսմաժոր չլինի՝ Ռուբեն Վարդանյանը հոկտեմբերին կնշանակվի Արցախի պետնախարար. MediaHub.am

Ռուբեն Վարդանյանը հոկտեմբերին կնշանակվի Արցախի պետնախարար։ Այս մասին նշում են MediaHub.am-ի արցախյան աղբյուրները։
«Այս պահին նրա նշանակման հետ կապված հարցերը պարզ են։ Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Արցախի տարբեր շրջանակների հետ։ Եթե ֆորսմաժոր չլինի, ապա հոկտեմբերին կնշանակվի։ Արայիկ Հարությունյանն ասում էր, որ սեպտեմբերի վերջին է ուզում նշանակել, բայց հարցեր կան, դրանք լուծվեն՝ նոր»,- նշեց մեր աղբյուրը։
Նկատենք նաև, որ թեև Արցախում դիտարկում են, որ Ռուբեն Վարդանյանը կարող է ներդրումներ բերել, բայց, այնուամենայնիվ, փորձում են հասկանալ, թե Ռուբեն Վարդանյանի հավակնությունները մինչև ո՞ւր են հասնում։
«Խմբակցությունների հետ էլ է հանդիպում եղել, պատգամավորները բազմաթիվ հարցեր են տվել, այսպես ասած՝ պարզ չէ՝ ինչպե՞ս է խրամատավորվելու Ռուբեն Վարդանյանը. եթե խաղաղության հետ կապված Նիկոլ Փաշինյանի թեզերն է տանելու՝ անընդունելի է։ Իրեն բազմաթիվ հարցեր են տվել, կան հարցեր, որոնց չի պատասխանել։
Նշեմ, որ նա ընդունելի է Արայիկ Հարությունյանի և Բակո Սահակյանի շրջանակների համար՝ «բարեգործության» հարցերի հետ կապված նախկինում տալ-առնելիք են ունեցել։ Բայց շատերի համար քաղաքական առումով Ռուբեն Վարդանյանը անկտրել ձմերուկ է»,-ասացին Արցախից։