ԿԽՄԿ-ն նախատեսում է Վարդենիսի տուժած բնակչությանը աջակցություն ցուցաբերել. մարզպետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզ` ծանոթանալու 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով Վարդենիս համայնքի մի շարք տուժած բնակավայրերում տիրող իրավիճակին։ Տեղեկությունը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Կարմիր Խաչի ներկայացուցիչները նախատեսում են առաջիկայում տուժած բնակչությանը կամ տնտեսություններին աջակցություն ցուցաբերել։ Նրանց ներկայացրել եմ Վարդենիս համայնքի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Այրք, Ազատ, Տրետուք, Ջաղացաձոր, Կոտական բնակավայրերում ռազմական գործողությունների հետևանքով տիրող իրավիճակը»,– գրել է Սարգսյանը։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել նշված բնակավայրերից տարհանված բնակիչների կարիքների գնահատմանը, նրանց ժամանակավոր կացարաններով, սննդով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հրետակոծված բնակարանների վնասի չափերի ճշգրտման, դրանց վերանորոգման կամ կառուցման ուղղությամբ մարզային հանձնաժողովի կողմից տարվող աշխատանքներին։
Կողմերը խոսել են նաև ռազմական գործողությունների հետևանքով նշված բնակավայրերում դպրոցականների կրթական իրավունքների խաթարման, տարհանված բնակչության շրջանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալ-հոգեբանական և այլ բնույթի աջակցության ծրագրերի իրականացման մասին։