Արցախից ժամկետային զինծառայողներին բերում են Հայաստան. Oragir.news
Արցախից ժամկետային զինծառայողներին բերում են Հայաստան Արցախից անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ Ադրբեջանի սադրանքներին զուգահեռ Հայաստանից Արցախ մեկնած ժամկետային զինծառայողներին հեռացնում են Արցախից: Մասնավորապես, երկու օր է՝ զորամաս առ զորամաս տեղափոխում են Հայաստանի տարբեր շրջաններ, ընդ որում՝ տեղափոխվողների մի մասը ընդամենը օրեր անց` օգոստոսի 6-ին, ավարտելու է զինծառայությունը, բայց նրանց հրաժարվում են մի քանի օր շուտ զորացրել։
Oragir.news-ը տեղեկությունը փորձեց Արցախի տարբեր պաշտոնատար անձանցից ճշտել, սակայն մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան․ կա՛մ չէին պատասխանում, կա՛մ անջատում էին հեռախոսը, սակայն տարբեր փորձագետների կողմից այս տեղեկությունը հաստատվում է։
Oragir.news-ի հետ զրույցում լրագրող, հասարակական գործիչ Նաիրի Հոխիկյանը, որը պարբերաբար տեղեկություններ է ստանում Արցախում տիրող իրավիճակից, ասաց, որ ինքն էլ է այդպիսի տեղեկություններ ստացել․ «Ես ևս ստացել եմ նման տեղեկություններ, որ օգոստոսի 1-ին Արցախի առաջնագծում տեղի ունեցած տեղային մարտական գործողությունից հետո Ադրբեջանը պահանջել է Արցախից վերջնականապես հանել ՀՀ քաղաքացիություն ունեցող ժամկետային զինծառայողներին, ինչին գործնականում ընդառաջել են ՀՀ քաղաքական իշխանությունները»,- պատասխանեց Հոխիկյանը։ Հարցին, թե արդյոք սա ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարության հետևանքն է, ըստ որի՝ պատերազմի ժամանակվանից Հայաստանի զորքեր էին մնացել Արցախում, և այդ զորքերը դուրս են բերվում, Հոխիկյանը պատասխանեց․ «Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական իշխանությունները շարունակում են սինքրոն գործողությունները՝ միմյանց գնդակի փոխանցումներով։ Կասկածից վեր է, որ երբ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարում է, թե ՀՀ-ն դեռևս չի հանել իր զորքը Արցախից ու շուտով կանի դա, ապա արդեն իսկ կար տեղեկություն և գուցե նաև պայմանավորվածություն, որ պետք է նոր ընթացք տալ ՀՀ զինված ուժերի տեղակայմանը և շահարկման թեմա դարձնել։ Ու որպեսզի ՀՀ-ն իրավական հիմք ունենար իր զորքը Արցախից հանելու, պետք է սադրանք լիներ Ադրբեջանի կողմից, ինչը եղավ օգոստոսի 1-ին։ Ճիշտ է, Ադրբեջանն այդ սադրանքի հետևանքով կորցրեց 3-5 զինծառայող, բայց ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի իշխանությունների համար զինվորը որևէ արժեք չունի, որոնց կարելի է զոհել հանուն քաղաքական նեղ շահերի։ Պատահական չէր, որ օգոստոսի 1-ին մարտական տեղային գործողության ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հայտարարեց, թե իրենք պահանջում են ՀՀ զինված ուժերի դուրսբերումը Արցախից, ինչից ժամեր անց տեղի ունեցավ այդ պահանջի կատարումը»,- պատասխանեց Հոխիկյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: