Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «BMW X5-ն ու «ՎԱԶ 21104»-ը, մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա
Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Չկալովկա գյուղի վարչական տարածքում, բախվել են «BMW X5» և «ՎԱԶ 21104» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։
Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4 -րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, ավագ տեսուչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Անդրանիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Մխեյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։