«էս ախալքալաքցի Սոսի լկտիությունը չափ ու սահման չունի». «Կոնյակ» հյուրանոցի հարակից տների բնակիչներն ահազանգում են` հյուրանոցի աղմուկն անտանելի է (տեսանյութ)
Երևանի Ռոստոմի 24 հասցեում գտնվող «Կոնյակ» հյուրանոցի հարակից տների և շենքերի բնակիչներն ահազանգում են. հյուրանոցից ամենօրյա ռեժիմով մինչև ուշ գիշեր հնչող բարձր երաժշտությունը դարձել է անտանելի։
Newspress.am-ին դիմած բնակիչները նշում են, որ երաժշտությունն ուղեկցվում է շենքերի և բնակելի տների ուղղությամբ պայթող հրավառություններով։
Մեզ հետ զրույցում, հյուրանոցի մոտակայքում բնակվող երիտասարդ ընտանիքներից մի քանիսը բողոքեցին, որ բարձր և մինչև ուշ գիշեր հնչող երաժշտության պատճառով խախտվել է իրենց մանկահասակ երեխաների քունը։
«Աշխատանքից հետո չենք կարողանում հանգստանալ, իսկ շաբաթ֊կիրակի օրերին ստիպված անցկացնում են հյուրանոցի բարձր ու անճաշակ երաժշտության ու այդտեղից հնչող աղմուկների տակ»,֊ասացին բնակիչներից ոմանք։
Մի ընտանիքի ներկայացուցիչ էլ ասաց, որ իրենց տանը հիվանդ ունեն ու երաժշտությունը թույլ չի տալիս հանգստանալ` անտանելի դարձած աղմուկը խանգարում է։
Ավելին՝ օրվա ընթացքում ևս չեն կարողանում մի փոքր կտրվել աղմուկից, քանի որ ցերեկը հյուրանոցից ևս հնչում է, բնակիչների խոսքով, սարսափելի բարձր երաժշտություն։
Հյուրանոցի ղեկավարությունը թաղամասի տղամարդ բնակիչներին պահում է վախի մթնոլորտում և անում այն ամենը, ինչ ուզում է։
Մեզ հետ զրույցում տարեց բնակիչներից մեկը՝ նշեց. «այ բալա ջան, սրանց վրա ով կարա։ Սաղի բերանները էս ախալքալաքցի Սոսը փակել ա, ումը ոնց կարացել ա։ Էն քաղաքապետարանից էլ դրան բան չարին, ինչքան ստեղի ժողովուրդը դիմեց թեժ գիծ։ Հազիվ էս քաղաքապետ ա, ինչ ա, ժամը 7֊ին ծուղրուղու կանչի։ Ես հլը կմեռնեմ, կեթամ, բա էս էրեխեքը, որ ո՛չ կարում են քնեն, ո՛չ կարում են դաս անեն։ Էտ Սոսը սվոլոչ ա, քիչ ա մնում կոպալս վեկալեմ ու ջարդեմ գլխին»,֊վրդովված ասաց շենքի տարեց բնակիչը։