Ցավոք, որևէ այլ խնդիր, կոնֆլիկտ տարածաշրջանում ԵԱՀԿ ԽՎ-ին հետաքրքիր չէ՝ Ուկրաինայից բացի․ Էդուարդ Աղաջանյան
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն իր ամբողջ ուշադրությունը սևեռել է Ուկրաինայի վրա և ուշադրություն չի դարձնում տարածաշրջանում այլ կոնֆլիկտների։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդուարդ Աղաջանյանը:
«Ցավոք, կարելի է արձանագրել, որ որևէ այլ խնդիր, կոնֆլիկտ տարածաշրջանում ԵԱՀԿ ԽՎ-ին հետաքրքիր չէ»,- ասաց նա։
Աղաջանյանի դիտարկմամբ, ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչների նման պահվածքն անընդունելի է և արժանի դատապարտման, ինչի մասին իրենք խոսել են լիագումար նիստերի ժամանակ։
«Այս մոտեցումը բազմաթիվ հարցեր է առաջացնում հայկական կողմում, և դեռ պետք է վերլուծել, եզրակացություններ անել և հասկանալ, թե որն է նման արդյունքի պատճառը»,-ասաց պատգամավորը։
Աղաջանյանի խոսքով` այս տարվա փետրվարից, երբ սկսվեց ռուս-ուկրիանական պատերազմը, ԵԱՀԿ ԽՎ-ի օրակարգում գործնականում ոչ մի այլ թեմա չի եղել։
«Եվ, մեղմ ասած, չափազանց դժվար էր մեր գործընկերների ուշադրությունը հրավիրել այլ թեմաների ու խնդիրների, այդ թվում՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա»,- ասաց նա։