Ցանկանում ենք ավելի քիչ կախվածություն ունենալ ռուսական գազից․ Դեյվիդ Մքալիսթերը՝ Ադրբեջանի հետ կնքված գազի համաձայնագրի մասին
ԵՄ-ն ցանկանում է քիչ կախվածություն ունենալ ռուսական գազից, այդ պատճառով էլ համաձայնագիր է կնքել Ադրբեջանի հետ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հետ ասուլիսի ժամանակ ասել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը՝ անդրադառնալով Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի միջև էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը։
«Մենք ցանկանում ենք ավելի քիչ կախվածություն ունենալ ռուսական գազից։ Հետևաբար, էներգետիկ մատակարարումները պետք է դիվերսիֆիկացվեն, առավել ևս, որ ԵՄ երկրները դեռ ամբողջությամբ չեն անցել վերականգնվող էներգիայի աղբյուրներին»,- ասել է նա։
Ըստ եվրոպացի պաշտոնյայի՝ մոտ ապագայում ԵՄ-ն կախված կլինի գազի մատակարարումներից, իսկ այդ հարցում այլընտրանք են Ալժիրը, Կատարը կամ Ադրբեջանը։
«Այն համաձայնագիրը, որը մենք ստորագրել ենք, Ադրբեջանից ԵՄ մատակարարումների ավելացման մասին է»,- նշեց Մքալիսթերը։