Դա նախապայման չէր. Էդուարդ Աղաջանյանը անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքը» բացելու վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը
Այդ հայտարարությունը նախապայման չէր, լրագրողներին ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, երբ պատասխանել է դիտարկմանը, թե օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջ քաշեց «Զանգեզուրի միջանցքի» բացման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նախապայման և հարցին՝ արդյո՞ք հայկական կողմի դիրքորոշումը փոխվել է և սա պայմանավորվածության խախտում չէ՞:
«Թուրքիան մշտապես այդ դիրքորոշմամբ է հանդես եկել,որը մեր համար ընդունելի չի եղել: Հայկական կողմը արձանագրել է, որ հաճախ Թուրքիայի հայտարարությունների մեջ կա բաժանում, և մեր խնդիրներից է՝ ամեն ինչ անել, որ այդ տարանջատումը չլինի կամ առնվազն լինի նվազագույնը: Այո, արձանագրում եմ, որ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել և որևէ նախապայման այս գործընթացում անընդունելի է»,- ասել է Աղաջանյանը: