«Սա՞ է ձեր ժողովրդավարությունը». ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (տեսանյութ)
«Հայաստան» դաշինքը Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել՝ ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների:
«ՄԱԿ-ը ևս մասն է այն խմբի, որը փորձում է Արցախը Հայաստանից պոկել, որովհետև բոլոր քաղբանտարկյալներն այն մարդիկ են, ովքեր նվիրված են Արցախին, պատերազմի մասնակից են, հերոսներ են, քաղաքական գործիչներ են, որոնք նպաստել են Արցախի ազատագրմանը կամ մտավորականներ, ինչպես Արմեն Գրիգորյանը, ով այս լռության պատճառով հեռացավ կյանքից»,-Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց ակցիայի ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը։
Նա նշեց, որ այս դեպքում հարց է առաջանում՝ եթե մեր հայրենակիցները, որոնք նվիրված են հայերի պաշտպանությանը, աջակցություն չեն ստանում այն կառույցներից, որոնք նվիրված են մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդավարությանը, այդ դեպում ի՞նչ գործ ունեն այստեղ, ինչո՞ւ պետք է այս կառույցում մարդիկ աշխատեն, որոնք նպաստեն մեր անվտանգության և իրավունքների ոտնահարմանը։
«Այս կառույցը նպաստում է համաշխարհային մարդու իրավունքների ոտնահարմանն ու ցեղասպանություններին։ Եթե այդպես չէ, խնդրեմ, այսքան քաղբանտարկյալ կա և դուք ունեք մարդու իրավունքների ոլորտում զբաղվող մասնագետներ, մի՞թե չեն նկատել, թող հայտարարություններ տան, ճնշեն, որպեսզի Հայաստանում, այսպես կոչված իշխանությունները, չշարունակեն մարդկանց սպանել մեր երկրում, որոնք պայքարում են Արցախի պաշտպանության համար»,- ասաց Իշխանյանը։