ՇՏԱՊ. Նուբարաշենի զորամասում ծեծկռտուք է տեղի ունեցել նորակոչիկների ծնողների և պարեկների միջև. պարեկները արցունքաբեր գազ են օգտագործել
Երևան քաղաքի Նուբարաշենի վարչական շրջանի N զորամասում քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել նորակոչիկների ծնողների և պարեկների միջև։
Newspress.am-ի տեղեկություններով՝ ծնողները եկել են մասնակցելու իրենց որդիների երդման արարողությանը։ Պարեկները նրանց թույլ չեն տվել նախատեսված վայրում կայանել մեքենան։ Երբ ծնողները փորձել են պնդել, որ մեքենաները ճիշտ են կայանված, պարեկներն արհեստական լարվածություն են ստեղծել և վեճի բռնվել։
Նրանք արցունքաբեր գազ են կիրառել, ինչի հետևանքով որոշ ծնողների ինքնազգացողությունը վատացել է: Սակայն ամենազավեշտալին այն է, որ արցունքաբեր գազից ավելի շատ տուժել են իրենք` պարեկները, քանի որ անգամ արցունքաբեր բալոնները չեն կարողանում ճիշտ օգտագործել։ Նրանք այդ գազից ընկել են գետնին, ու, ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, բառի ամենբուն իմաստով` թավալվել գետնին։
Ծնողների և պարեկների միջև ծեծկռտուք է սկսվել։ Ի վերջո, դեպքի վայր են եկել ոստիկանության աշխատակիցներ և ներողություն խնդրել ծնողներից։
Նրանցից մի քանիսը նաև խոստովանել են, թե կրակն են ընկել պարեկների ձեռքին: