Մոտակա մեկ ամսում Լարսի հերթերն ամբողջությամբ կվերանան. Վահան Քերոբյան (տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարարությունը, որպես Լարսի անցակետին այլընտրանք, դիտարկում է երկու տարբերակ՝ լաստանավի ստեղծում Փոթիում կամ Բաթումիում: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Վահան Քերոբյանը:
Նա նշեց, որ Լարսի թողունակությունը վերջին 1.5 ամսվա ընթացքում էապես մեծացել է:
«Կրկնակի ավելացել է հայկական մեքենաների թողունակությունը: Եթե երկու ամիս առաջ Լարսով անցնող հայկական մեքենաների միջին օրական քանակը 130 էր, հիմա մոտավորապես 250 է»,- ասաց նա:
Քերոբյանի խոսքով` արագ փչացող ապրանքների արագ անցումն էապես թեթևացրել է գյուղմթերք արտահանողների աշխատանքն ու նվազեցրել է ռիսկերը:
«Կարծում ենք, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում հերթերի խնդիրն ամբողջությամբ կլուծվի, հերթերը կվերանան, և մենք խնդիր չենք ունենա մինչև եղանակային պայմանների վատանալը»,- ասաց նա: