ՀՀ-Թուրքիա սահման կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար, իսկ բեռնափոխադրումը կլինի օդային տրանսպորտով․ Փաշինյան
Տեղյակ եք, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման արդյունքներով հասել են պայմանավորվածության, որ պետք է Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը բացվի երրորդ երկրների քաղաքացիների համար։ Իսկ Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները կիրականացվեն օդային տրանսպորտով։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ հիմա շատ կարևոր է, որպեսզի մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը։
«Իմ հանձնարարությունն է, որպեսզի կոորդինացված աշխատենք, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նշեց Փաշինյանը։