ՀՀ սուվերեն տարածքից հայ զինվոր է առևանգվում, իսկ նա լռում է․ Աննա Գրիգորյանը՝ նախագահի մասին
Մի լուրջ խնդիր կա, որովհետև ՔՊ խմբակի կողմից ընտրված կամ, ավելի ճիշտ կլինի ասել, Նիկոլի կողմից նշանակված խամաճիկն այստեղ է գործուղվել ոչ թե Սահմանադրությունը պահելու, այլ ՔՊ շահերը պաշտպանելու համար։ Այս մասին «Դիմադրություն» շարժան հերթական ակցիայի ժամանակ, նախագահականի դիմաց հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Գրիգորյանի խոսքով՝ Խաչատուրյանը նախագահական է եկել, որպեսզի լռի։ Հիմնական առաքելությունն այստեղ ամեն բան տեսնելն ու ամեն ինչի մասին լռելն է։
«Նա լռում է, երբ խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, նա լռում է, երբ ՀՀ սուվերեն տարածքից առևանգվում է հայ զինծառայող։ Այստեղ նստած անձը դակում, ստորագրում է ցանկացած օրենք, որ գալիս է Ազգային ժողովից, բայց ծպտուն չի հանում։ Այստեղ նստող մարդը, որը պետք է Սահամանդրության ոգին ու տառը պահեր, նորից լռում է։ Նա լռում է, երբ քաղաքական ճգնաժամ կա, երբ հատուկ միջոց է կիրառվում ժողովրդի նկատմամբ։ Հետապնդվում է ցանկացած մեկը, ով այլախոհ է։ Տասնյակ քաղբանտարկյալներ կան, իսկ այս անձը լռում է։ Նորից եմ ասում՝ սրա միակ առաքելությունը լռելն է, նա ուրիշ բան չունի անելու, բացառությամբ՝ պահել ՔՊ խմբակի շահերը»,- նշեց Գրիգորյանը՝ խոսելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մասին։
Պատգամավորի խոսքով՝ առհասարակ նախագահական ինստիտուտն անարգվել է։ Հանրապետության նախորդ նախագահ Արմեն Սարգսյանը՝ լինելով նախագահ, պաշտոնավարող ղեկավար, հրաժարական է ներկայացնում մեկ այլ երկրի տարածքից, նույնիսկ հարկ չհամարելով բացատրել ժողովրդին, թե ինչու է հեռանում։
«Էստեղ նստողը հրաժարական չի տվել, բայց միևնույն է՝ նա չկա։ Նրա փոխարեն ցանկացած մեկը լիներ՝ նույն բանն էր լինելու։ Ավելին՝ եթե նրա աթոռը թափուր լիներ՝ դրանից բան չէր փոխվելու, որովհետև նա ունի զրո գործառույթ։ Բայց, սիրելի՛ ժողովուրդ, մենք միասին վերականգնելու ենք Սահմանադրության տառն ու ոգին։ Այնպես որ՝ պայքարը շարունակվում է»,- հայտարարեց Գրիգորյանը։