Ամռանը եվրոպական երկրներում սպասվում է կորոնավիրուսով վարակման բարձր մակարդակ. ԱՀԿ
Ամռանը եվրոպական երկրներում սպասվում է կորոնավիրուսով վարակման բարձր մակարդակ, APF-ին տված հարցազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։
Նա ասել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Եվրոպայում եռապատկվել է կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Եվրոպական 53 երկրներում օրական գրեթե 500 հազար մարդ վարակվում է կորոնավիրուսով, օրական մահանում է մոտ 500 մարդ՝ մահացության մակարդակն այսպիսին էր 2020 թվականի ամռանը։
«Քանի որ Եվրոպայի երկրները վերացրել են նախկին սահմանափակումները, ամռանը վիրուսը կտարածվի բարձր արագությամբ: Վիրուսը չի անհետանա միայն այն պատճառով, որ երկրները դադարում են վերահսկել այն: Այն դեռ տարածվում է, դեռ փոխվում է և դեռ կյանքեր է խլում», - ասաց նա: