ՀՀ իշխանությունը ԶՈՒ-ի հետ կապված մեկ նպատակ ունի՝ ամբողջությամբ պահել իր կուսակցական վերահսկողության ներքո․ Տիգրան Աբրահամյան
Մեր գլխավոր խնդիրն է հասկանալ, թե հետպատերազմյա ժամանակահատվածում ինչ է արել Հայաստանը ու ինչ է արել Ադրբեջանը, «Բերձորի հանձնում ու պատերազմ» թեմայով քննարկման ժամանակ ասել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Հասկանալու համար, թե ռազմաքաղաքական, ուժերի հավասարակշության առումով Հայաստանն ինչ իրավիճակում է, պետք է վերլուծել կողմերի ծավալած գործունեությունը, նշել է նա։
Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանը լուծել է նաև կարևորագույն մարտավարական ու ռազմավարական բարձունքներում տեղակայվելու խնդիրը. առաջին գիծն ամբողջությամբ բերվել է համապատասխան վիճակի։ Տեղեկություններ կան նաև, որ տարբեր հատվածներում տեղակայվել է ծանր տեխնիկա։
«Ծանր տեխնիկայի տեղակայման մասին չեմ խոսում նրա համար, որ ցույց տամ, թե առաջիկա ժամանակահատվածում գործողություններ են տեղի ունենալու, սակայն Ադրբեջանում, համենայն դեպս, սահմանագծի ենթակառուցվածքների տեղակայման հարցն արդեն մի քանի էտապ անցել է»,- հավելել է Աբրահամյանն ու շեշտել՝ ՀՀ իշխանությունը ԶՈՒ-ի հետ կապված ունի մեկ նպատակ՝ ամբողջությամբ պահել իր կուսակցական վերահսկողության ներքո, Որևէ այլ ֆունկցիա, որի իրականացվելու մասին հայտարարվել է, ուղղակի նա չի տեսնում։