Կարկտահարությունից տուժած` Արցախի Հաթերք գյուղում հաշվարկում են վնասի չափը, բայց վստահ չեն՝ կկարողանա՞ կառավարությունը փոխհատուցել, թե՞ ոչ (լուսանկարներ)
Արցախի Հանարապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում օրերս տեղացած ուժեղ կարկտահարության հետևանքով համայնքի բնակիչները բավականին վնասներ են կրել։ Թե որքան է կրած վնասի չափը՝ ԱՀ գյուղնախարարությունից դժվարանում են ստույգ պատասխանել։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում Գյուղնախարարության մամուլի խոսնակ Գոհար Հայրապետյանը նշեց, որ հաշվարկները դեռ ընթացքի մեջ են։
Պատասխանելով հարցին՝ Գոհար Հայրապետյանը նշեց, որ նախորդ տարիներին՝ պատերազմից առաջ, թեև ոչ ամբողջությամբ, բայց ինչ-որ չափով փոխհատուցել են վնասը, այժմ հստակ չի կարող ասել՝ կկարողանա՞ կառավարությունը փոխհատուցել, թե՞ ոչ։
«Աջակցության ծրագրեր կլինեն, թե ոչ՝ կառավարությունից դեռ չեն տեղեկացրել, բայց վնասի հաշվարկման աշխատանքները երևի մեկ շաբաթից կավարտվեն։ Բայց նախագահն է որոշելու։ Սպասում ենք նրա որոշմանը։ Տվյալները կներկայացնենք ու կտեսնենք՝ կարո՞ղ են փոխհատուցել»,- ասաց գյուղնախարարության խոսնակը։
Ամեն դեպքում, փոխհատուցումը կլինի միայն ցանքատարածքների վնասի դիմաց։ Համենայնդեպս, մեզ հետ զրույցում Գոհար Հայրապետյանը վստահեցրեց, որ կարկուտից տուժած այլ օբյեկտներ՝ այդ թվում տներ, մեքենաներ ու պտղատու ծառեր, հաշվարկման մեջ չեն մտնի։
Մինչդեռ հարկ է նկատել, որ գյուղացիներն այս մասով ևս բավականին նյութական վնասներ են կրել. վնասվել է 100-ից ավտոմեքենա:
Ամեն դեպքում, եթե ԱՀ կառավարությունը փոխհատուցի անգամ միայն վնասված ցանքատարածքների համար, թերևս սա ևս, ինչպես ասում են, մեջքի մի ցավ կարող է կոտրել։
Արմինե Մկրտումյան