1,5 տարի ժամանակ ունենք՝ լուծումներ գտնելու համար. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին
Նոյեմբերի 9-ից սկսած մենք այս հարցերը քննարկում ենք Արցախի մեր գործընկերների հետ, որպեսզի լուծումներ գտնենք, Արցախի իշխանություններն այս մասով աշխատանքներ են տանում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ճակատագիր է պատկերացնում Բերձորի, Աղավնոյի համար, հատկապես այն հայտարարությունների ֆոնին, որ այստեղի բնակիչներն ասել են, որ մնալու են ու զենքով պաշտպանելու են իրենց տները:
«Մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու համար, մոտավոր 1,5 տարի դեռ ունենք: Արցախի կառավարության հետ կաշխատենք և լուծումներ կգտնենք»,- ասաց Գրիգորյանը:
Հարցին, թե ի՞նչ հույսով են խաղաղության երաշխիքներ տալիս հայ հանրությանը, հատկապես երբ Ալիևը պարբերաբար սպառնում է պատերազմով, իսկ Փաշինյանն իր հերթին ասում է, որ խաղաղության օրակարգը դեռ խաղաղության երաշխիք չէ, Գրիգորյանը պատասխանեց, որ երբ իրենք փորձել են խաղաղության օրակարգ առաջ տանել, խոսել են նաև հնարավոր խնդիրների մասին:
«Այնպես չէ, որ երբ խաղաղության օրակարգի մասին խոսում ենք, մտածում ենք, որ ամեն ինչ շատ հեշտ է լինելու, մենք գիտենք դրա դժվարությունների մասին, բայց նաև հասկանում ենք, որ որպեսզի կարողանանք մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն ապահովել, դրա հնարավոր տարբերակը, անվտանգության երաշխիքների տարբերակը խաղաղության օրակարգն է։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, բայց մենք նաև հասկանում ենք, որ միայն Հայաստանից չէ դա կախված, նաև դա է պատճառը, որ մնք աշխատում ենք միջազգային բոլոր գործընկերների հետ, որպեսզի խաղաղության օրակարգն առաջ տանենք», - ասաց Արմեն Գրիգորյանը։