Պուտինը խոսել է Ուկրաինայում պատերազմի ավարտի ժամկետների մասին
«Ուկրաինայում հատուկ գործողություն իրականացնող ռուսական զորքերը շարժվում են և հասնում սահմանված թիրախներին, սակայն չարժե խոսել դրա ավարտի ժամկետների, ինչպես նաև այդ ժամկետների ճշգրտման մասին»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պատասխանելով ռազմական գործողության նպատակների մասին հարցին՝ նա նշել է, որ ոչինչ չի փոխվել:
«Ես սա ուղիղ, հրապարակային ասել եմ ողջ երկրին, ամբողջ աշխարհին։ Սրան ավելացնելու ոչինչ չունեմ։ Ոչինչ չի փոխվել»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ նպատակին հասնելու մարտավարությունը կարող է տարբեր լինել։
«Իմ նշած վերջնական նպատակը Դոնբասի ազատագրումն է, այդ մարդկանց պաշտպանությունը և այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք կերաշխավորեն հենց Ռուսաստանի անվտանգությունը։ Այսքանը: Եվ գործն ընթանում է հանգիստ, ռիթմիկ։ Դե, ինչպես տեսնում եք, զորքերը շարժվում են և հասնում այն գծերին, որոնք նշված են մարտական առաջադրանքում։ Ամեն ինչ ընթանում է ըստ պլանի»,- Պուտինի խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:
Պուտինը նշել է, որ արևմտյան երկրների՝ Ուկրաինային ուղղված կոչը՝ հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից, հաստատում է, որ ամեն ինչ արվում է միասնական Արևմուտքի կայսերական նկրտումներին հասնելու համար։