«Վեոլիա Ջուր»-ը հայտնաբերել է Մալաթիա-Սեբաստիայում թաքնված վթարը (տեսանյութ)
Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում տեղադրված ծախսաչափը միանգամից վայրկյանում 32 լիտր ջրի կորուստ է գրանցել։ Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից ու մանրամասնում, որ այնուհետև հարակից շենքերի բնակիչներից ստացվել են բողոքներ վերին հարկերում ջրի ճնշման անկման վերաբերյալ:
«Ակնհայտ էր, որ տարածքում առկա էր ջրագծի խոշոր վթար, սակայն փողոցում ջրի արտահոսք չկար: «Թաքնված» վթար էր, որի հայտնաբերումը պահանջում էր բաշխիչ ցանցի մանրակրկիտ հետազոտում: «Վեոլիա Ջուր ընկերության «Շահումյան» շահագործման տեղամասի և Տեխնիկական տնօրինության մասնագետների համատեղ խումբը հոսակորուստ փնտրող հատուկ սարքերի օգնությամբ հայտնաբերեց վթարի հավանական վայրը՝ Անդրանիկի 78 շենքի մոտ:
Պարզվեց, որ 100 մմ տրամագծով ջրագծից 5.5 մթն ճնշմամբ ջուր է հորդում և լցվում հարակից չշահագործվող ջեռուցման համակարգի մեջ։ Վթարված խողովակի 3.5 մետրանոց հատվածը փոխարինելու համար հարկ եղավ կարճաժամկետ տեղային բնույթի ջրանջատում իրականացնել:
Աշխատանքն ավարտվեց ուշ գիշերը, արդեն առավոտյան վերականգնելով Անդրանիկի և Րաֆֆու փողոցների շուրջ 20 բազմահարկերի կայուն ջրամատակարարումը»,-մանրամասնում են ընկերությունից։