Ինչու են Թումանյան-Սանահին կայարան հատվածում քանդել նոր արված ասֆալտի ծածկույթը (լուսանկար)
Դեռ մեկ ամիս չկա, որ Լոռու մարզպետարանից տեղեկացրեցին, թե Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի Թումանյան-Սանահին կայարան հատվածում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։
Հազիվ էին բոլորն ուրախացել, որ ճանապարհը վերջապես վերանորոգվել է, երբ դեռ շաբաթը չլրացած, ճանապարհի Թումանյան-Սանահին կայարան հատվածում ասֆալտածածկույթը քանդեցին․․․
NEWSPRESS.am-ի հարցմանն ի պատասխան` Լոռու մարզպետարանից տեղեկացրին, որ վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ ճանապարհային դեպարտամենտի տիրույթում են։ Այստեղից էլ նշեցին, որ թերություններ են եղել, որոնք փորձում են վերացնել։
«Մ6-ի Թումանյան-Սանահին հատվածում որակի հետ կապված թերություններ են հայտնաբերվել, հիմա շինարարն ասֆալտի վերին շերտը ֆրեզում է, որպեսզի տեղադրի ասֆալտբետոնե նոր ծածկ՝ վերացնելով թերությունները»,- մեզ հետ զրույցում ասաց դեպարտամենտի աշխատակիցուհին։
Նկատենք, որ շինարարական աշխատանքները իրականացվել են ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։
Ըստ մեկ այլ աղբյուրի փոխանցած տեղեկությունների, ասֆալտի ծածկույթը չի համապատասխանել պատվիրատու կազմակերպության առաջարկած ստանդարտներին ու վերջինս քանդել է տվել այդ շերտը։ Սակայն ֆինանսավորման ոչ առաջին, ու ոչ էլ երկրորդ աղբյուրները չեն պատրաստվում լրացուցիչ գումար տրամադրել՝ թերությունը վերացնելու համար։
Կապալառուն պարտավորված է թերությունը վերացնելու աշխատանքներն իր հաշվին իրականացնել։
Հարկ է նկատել սակայն, որ կան նաև որոշակի տեղեկություններ, որ ասֆալտածածկույթը քանդելու իրական պատճառներն այլ են․․․
Ըստ օդում կախված լուրերի` իշխանական թևի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը խիստ շահագրգռված է եղել, որ տենդերը շահի իր անվան հետ կապված ընկերությունը։ Այժմ պարզապես խնդիրը ոչ թե «ստանդարտներն» են, այլ տենդերը շահած ընկերությունը․․
Արմինե Մկրտումյան