Սիրելի՛ հայրենակիցներ, կարևոր լուր ունեմ ձեզ փոխանցելու․ Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը․ Փաշինյան
Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կարևոր լուր ունի հայտնելու։
Նա մասնավորապես ասաց․ «Սիրելի՛ հայրենակիցներ, կարևոր լուր ունեմ ձեզ փոխանցելու։ 2022թ․-ի մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22։35-ին, ԱՄՆ-ի Կանավերել հրվանդանում գտնվող տիեզերակայանից Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը։ Սա տեղի է ունեցել հայակական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։ Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագահատել։ Սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան և մենք հույս ունենք, որ այս ոլորտում ունեցած մեր հարուստ ավանդույթները կվերականգնվեն։ Նկատի ունեմ ՀՀ-ում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական, գիտաարտադրական ոլորտը»։