Պարոն Հովհաննիսյան, պատրաստ չեք, իջեք, թող ուրիշը վարի նիստը․ իմ ձայնը կտրող չի եղել․ փոխքաղաքապետը փորձում էր փակել բոլորի բերանը (տեսանյութ)
Երևանի ավագանու նիստի ժամանակ, օրակարգը քննարկելիս, վիճաբանություն առաջացավ ավագանու անդամների ու փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի միջև։
Չնայած նրան, որ օրակարգը հաստատելուց առաջ ավագանու անդամները հարցեր ունեին՝ կապված օրակարգի հետ, սակայն Հովհաննիսյանը հորդորեց չխոսել այդ մասին ու հաստատել օրակարգը։
Ավագանու անդամները դժգոհեցին, սակայն Հովհաննիսյանը սկսեց դիտողություններ անել։
Ավագանու մյուս անդամ Էռնեստ Ավանեսովն էլ փորձեց ճշտել, թե որն էր Ծիծեռնակաբերդի ճանապարհի փլուզման պատճառը, ե՞րբ կվերանա խնդիրն ու ի՞նչ հավանականություն կա, որ մյուս փողոցները ևս նույն ճակատագրին չեն արժանանա։
Հովհաննիսյանը, նրան պատասխանելու փոխարեն, դիտողություն արեց՝ չխոսել տեղից ու մնալ ավագանու անդամի պարտավորությունների մեջ։ Դիտարկմանը, թե հենց այդ պարտավորություններից ելնելով է նման հարց ուղղում՝ Հովհաննիսյանն այս անգամ էլ ասաց, թե ինքը չի պատրաստվում պատասխանել այդ հարցին։
«Չեք պատասխանում, որովհետև չգիտեք պատասխանը»,- ասաց Ավանեսովը։
Ավագանու մյուս անդամներն էլ հորդորեցին կանչել քաղաքապետին։
«Հայկ Մարության մի արեք, ավելորդ լարվածություն մի ստեղծեք։ Դուք պատրաստ չեք՝ իջեք, թող մի ուրիշը գա վարի նիստ»,- ասաց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։
Հովհաննիսյանը դիմեց խմբակցությունների ղեկավարներին․ «Եթե ներկա եք, խնդրում եմ՝ ձեր խմբակցության անդամներին կարգի հրավիրեք»,- ասաց նա։
«Լավ է՜, վաղուց նման մթնոլորտ այս դահլիճում չէր եղել»,- ասաց Անի Խաչատրյանը։
Նրան հետևեցին նաև մյուսները՝ նկատելով, որ Հովհաննիսյանն իր տեղում չէ։