Բրիտանիան վերսկսում է զենքի արտահանումը Թուրքիա
Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմայիլ Դեմիրը Լոնդոն կատարած այցի ընթացքում հայտնել է, որ նախկինում իրենց տրված խոստումներն արդեն կատարվում են. չեղարկվում են Բրիտանիայից Թուրքիա զենքի արտահանման հետ կապված սահմանափակումները։
Մեծ Բրիտանիան դադարեցրել էր զենքի արտահանումը Թուրքիա 2019 թվականին այն բանից հետո, երբ թուրքական զինուժը ռազմական օպերացիա էր սկսել Սիրիայի հյուսիսում տեղակայված քուրդ զինյալների դեմ, որոնք հարում են «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK) և «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատին» (YPG)։
Թուրքիան և Մեծ Բրիտանիան ռազմական համագործակցություն են սկսել ազգային 5-րդ սերնդի TF-X MMU կործանիչի ծրագրում, որը նմանություններ կունենա ամերիկյան «Lockheed Martin» ընկերության նախագծած F-35 Lightning II բամզաֆունկցիոնալ կործանիչ-ռմբարկուի հետ։
Բրիտանական կողմը, պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի գլխավորությամբ , հետաքրքրվել է թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերի առուվաճառքով։
Ըստ աղբյուրի՝ թուրքական անօդաչուների նկատմամբ հետաքրքրությունն աշխարհում մեծացել է, քանի որ դրանք բավականաչափ աջակցություն ցուցաբերեցին ուկրաինական բանակին ռուսական զինուժի դեմ կռվելիս։