Մոսկվան՝ ԱՊՀ-ից Մոլդովայի հնարավոր դուրս գալու մասին
ԱՊՀ-ից Մոլդովայի դուրս գալը սխալ քայլ կլինի, որը բացասաբար կանդրադառնա նրա տնտեսության վրա, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մեզ թվում է, որ դա սխալ քայլ կլինի, քանի որ Մոլդովան ԱՊՀ շրջանակներում օգտվում է բազմաթիվ առավելություններից, մասնավորապես՝ լինելով ազատ առևտրի գոտու անդամ։ Անկասկած, նման համաձայնագրերից դուրս գալը բացասաբար կանդրադառնա։ Բացի այդ, կան բազմաթիվ պայմանագրեր՝ կապված միգրացիայի, սոցիալական ապահովության և այլ բաների հետ, որոնցից դուրս գալը բոլորից ավելի կվնասի հենց Մոլդովային: Բայց դա Մոլդովայի ինքնիշխան ընտրությունն է», - մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:
Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ անհրաժեշտ է դիտարկել ԱՊՀ-ին երկրի մասնակցության նպատակահարմարության հարցը։