Ալիևն ու Փաշինյանը 6 կետերի շուրջ համաձայնության են եկել. ադրբեջանական մամուլը մանրամասներ է հայտնում
Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից հետո Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ: Նա մասնավորապես նշել է.
«Մենք քննարկել ենք հարցերի ողջ շրջանակը, մանրամասն քննարկել հումանիտար հարցեր, ներառյալ տարածքների ականազերծումը, բանտարկյալների ազատ արձակման և անհայտ կորածների ճակատագրի լուծմանն ուղղված ջանքերը», - ասել է Միշելը:
Հետաքրքրական է, որ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման մասին ադրբեջանական կայքերը գրում են հանդիպման ժամանակ ձեռք բերված կարևորագույն արդյունքների մասին: Haqqin.az-ը մասնավորապես գրում է.
Առաջին արդյունքը
Հանդիպման գլխավոր ձեռքբերումը սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի առաջին համատեղ նիստն անցկացնելու պայմանավորվածությունն էր։ Հանրայնացվել է նաև հանդիպման կոնկրետ օրակարգը։
Երկրորդ արդյունք
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցառումների իրականացման շուրջ։ Հիմնական արդյունքը՝ Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են Զանգեզուրի միջանցքով տարանցումը կարգավորող սկզբունքների շուրջ (Միշելի հայտարարության մեջ նշվում է տարանցիկ երթուղու հետևյալ անվանումը՝ Արևմտյան Ադրբեջան - Նախիջևան - խմբ.), ինչպես նաև միջազգային փոխադրումներ երկուսի տրանսպորտային ենթակառուցվածքով։
Երրորդ արդյունք
Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են սահմանների կառավարման, անվտանգության, մաքսատուրքերի և միջազգային փոխադրումների կանոնների շուրջ։ Առաջիկա օրերին Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները կշարունակեն խորհրդակցությունները ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ։
Չորրորդ արդյունք
Նախատեսված է երկու երկրների արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպում։ Հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում։ Հրապարակվել է նաև Բայրամովի և Միրզոյանի բանակցությունների թեման՝ վերջնական խաղաղության պայմանագիրը:
Հինգերորդ արդյունք
ԵՄ-ն պարտավորվել է միանալ գործընթացին Տնտեսական խորհրդատվական խմբի միջոցով: Ըստ ամենայնի, կարելի է ակնկալել դրական զարգացումներ, այդ թվում՝ արագացնելով եվրոպական աջակցության իրականացումը ադրբեջանական տարածքների վերականգնման հարցում։
Վեցերորդ արդյունք
Ալիևն ու Փաշինյանը փոխըմբռնման են հասել տարածքների ականազերծման և ղարաբաղյան պատերազմների ընթացքում անհայտ կորածների գործի հետաքննության հարցերի շուրջ։
Շառլ Միշելը հայտարարել է նաև Ալիեւ-Փաշինյան հերթական հանդիպման մասին։ Երկու երկրների ղեկավարները սերտ կապի մեջ կմնան և կհանդիպեն հուլիսին կամ օգոստոսին։