Ադրբեջանը պատրաստ է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ։Այս մասին տեղեկանում ենք Ria.ru-ից:
«Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանը և սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկին»,- հայտարարել է Բայրամովը Դուշանբեում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում: Բայրամովը նշել է, որ քայլեր են ձեռնարկվել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի համար, այդ թվում որոշվել են երկու երկրների միջև սահմանազատման ազգային հանձնաժողովների նախագահներն ու ձևաչափը։
Բայրամովը նաև հավելել է, որ «հակամարտությունը մնացել է անցյալում, ներկայումս գլխավոր խնդիրն ազատագրված տարածքների վերածնունդն է, տնտեսական ու հաղորդակցական կապերի վերականգնումը, երկարաժամկետ խաղաղության ու կայունության ապահովումն է»։