Մեր պետական մեքենան անհարմար է, բենզին շատ է ծախսում, դանդաղ է գնում, արգելակները չեն պահում. Փաշինյան

Այսօր՝ մայիսի 13-ին, կառավարության նիստում կառավարությունը հաստատել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը:
«Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը պետական մեքենայի բարեփոխումների մասին է»,- նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց․ «Այսինքն՝ երեք տարվա ընթացքում փորձելու ենք վերլուծել այդ մեքենայի աշխատանքը։ Արձանագրել ենք, չնայած գիտեինք նաև, որ այդ մեքենայի մեջ կան ավելորդ և պակասող դետալներ, և այդ մեքենան ժամանակակից պահանջներին չի համապատասխանում։ Այն անհարմար է և՛ վարողների, և՛ ուղևորների համար, երբեմն ավելի է բենզին ծախսում՝ չբացելով բավարար արագություն, երբեմն արգելակները չեն պահում, երբեմն շրջադարձների վրա ենք պրոբլեմներ ունենում և այսպես շարունակ»,- ասաց Փաշինյանը։
Նա նկատեց, որ խնդիրն այն է, որ լինի լավ ճանապրահ ու մեքենան վարողները պատշաճ որակավորում ունենան: Իսկ որպեսզի պետական կառավարման համակարգում հնարավոր լինի պատշաճ որակավորում ունեցող մասնագետների ներգրավել, ըստ Փաշինյանի, պետք է ունենալ պատշաճ վարձատրություն:
Փաշինյանը նշել է նաև, որ անընդհատ խոսվում է պետական կառավարման համակարգի գերբեռնված լինելու մասին։
«Սակայն մյուս կողմից տեսնում ենք, որ կան օղակներ, որտեղ մարդիկ չեն հերիքում աշխատանք անելու համար։ Դա նշանակում է՝ մենք որոշ տեղերում ունենք ռեսուրսներ և հաստիքներ, որոնք, ըստ էության, կամ անելիք չունեն, կամ կորցրել են գործառույթը։ Մեծ հաշվով, երբ ասում ենք՝ պետական համակարգի հանրային կառավարման բարեփոխումներ, նկատի ենք ունենում հետևյալը, որ քաղաքացիների համար կյանքն ավելի հարմարավետ դարձնելու մեխանիզմը աշխատի առավել արդյունավետ։ Սա շատ մեծ ծավալուն աշխատանք է, և ես համոզված եմ, որ մենք այդ աշխատանքը հետևողական կանենք»,- ասաց Փաշինյանը։