Ուկրաինայի իշխանությունները խոսել են Ազովստալում տիրող իրավիճակի մասին

Ուկրաինայի իշխանությունները բանակցություններ են վարում ռուսական կողմի հետ Մարիուպոլի շրջափակված «Ազովստալ» մետալուրգիական գործարանի տարածքից տասնյակ ծանր վիրավորված ուկրաինացի զինվորների տարհանման հնարավորության շուրջ, հինգշաբթի ասել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։
Նա հայտարարել է ուկրաինացի վիրավորների հնարավոր փոխանակման մասին գերի ընկած ռուս զինվորների հետ, սակայն քննարկումն անվանել է «շատ բարդ», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Բանակցություններ են ընթանում միայն 38 ծանր վիրավորների ճակատագրի շուրջ»,- գրել է Վերեշչուկը իր Telegram-ի ալիքում՝ նշելով, որ 500 կամ 600 մարդու փոխանակման վերաբերյալ ոչ մի խորհրդակցություն, որի մասին գրում էին որոշ լրատվամիջոցներ, ներկայումս չեն ընթանում։