Ես ձեզ խորհուրդ եմ տալիս զենքերը վայր դնել, այս պատերազմում պետք չէ մեռնել․ ուկրաինական հեռուստաալիքը ցուցադրել է Զելենսկու կեղծ կոչն ուղղված ուկրաինացիներին
«Ուկրաինա-24» հեռուստաալիքի եթերում` վազող տողով նրանք ցույց են տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձի տեքստն ուկրաինացիներին, որտեղ նա հորդորել է վայր դնել զենքերը և վերադառնալ իրենց ընտանիքներին։ Ավելի ուշ հեռուստաալիքը հայտնել է, որ եթերը կոտրել են։ Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը։
Տեքստում Զելենսկիին վերագրվել է արտահայտություններ, որ «նախագահ լինելն այնքան էլ հեշտ չէր», և որ նա պետք է «դժվար որոշումներ կայացներ»։
Ուկրաինայի ղեկավարի անունից ասվել է, որ Դոնբասը վերադարձնելու որոշումը ձախողված է և վատթարացրել իրավիճակը։ Հաղորդվում էր նաև, որ նախագահը, իբր, որոշել է հրաժեշտ տալ իր ժողովրդին։
«Ես ձեզ խորհուրդ եմ տալիս զենքերը վայր դնել և վերադառնալ ընտանիք։ Այս պատերազմում պետք չէ մեռնել։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս ապրել, և ինքս ևս պատրաստվում եմ այդպես վարվել»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ ռուսական զինված ուժերն անջատել են Կիևի հեռուստաաշտարակի հեռարձակման սարքավորումները։