Ինչու են սատկել Երևանի կենդանաբանական այգու թռչունները. պարզաբանում
Արձագանքելով վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում Երևանի կենդանաբանական այգու բնականոն գործունեության խաթարման, կենդանիների՝ սովից անկումների մասին վերաբերյալ շրջանառվող կեղծ լուրերին՝ Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում պարզաբանում են հրապարակել։
Հաղորդում են, որ Կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվում են լիազոր մարմիններին:
«Վերջին ամիսներին կենդանիների կասկածելի պատճառներով անկումներ չեն գրանցվել, բացառությամբ 2 սպիտակագլուխ և սև անգղերի, որոնց մասնագիտական ուսումնասիրությամբ հայտնաբերված պատկերը բնորոշ է քրոնիկ թունավորմանը։ Վերջնական եզրակացության համար կենդանու նմուշներն ուղարկվել են լաբորատոր թունաբանական անալիզների, որի պատասխանից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ավարտական եզրակացություն»։
Կենդանաբանական այգուց լրատվամիջոցներին հորդորում են զերծ մնալ ոչ արժանահավատ «աղբյուրներին» հղում տալով` չստուգված, իրականությանն անհամապատասխան տեղեկություններ տարածելուց: