Ես չգիտեի, որ ժպտալու համար մեկնաբանություն պետք է տամ. մի քիչ հուզվել էի, առաջին անգամն էր․ Հակոբ Սիմիդյան (տեսանյութ)
Ես չգիտեի, որ ժպտալն այդքան մեկնաբանությունների առիթ կարող է տալ, առաջին անգամն էր՝ զեկուցում էի, մի փոքր հուզվել էի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու էր երեկ ԱԺ ամբիոնից նախագիծ ներկայացնելիս պարբերաբար ժպտում և դժվարությամբ կարդում տեքստը:
«Շատ տարատեսակ մեկնաբանություններ արվեցին, որոնք անհասկանալի էին, թե ինչու։ Ես կարծում եմ, որ ժպտալը նման մեկնաբանությունների առիթ պետք է չտար, բայց, ցավոք սրտի, եղան տարատեսակ մեկնաբանություններ»,-ասաց նա։
Հակոբ Սիմիդյանը չցանկացավ այլ հարցերի պատասխանել, ընդգծեց, որ իր պաշտոնավարման 100 օրն էլ չի լրացել։
«Կաշխատեմ, ձեզ հետ կշփվեմ, կտաք ձեր հարցերը, ես կպատասխանեմ»,-եզրափակեց նա։