Իրանն ու Թուրքիան կկնքեն գազային նոր համաձայնագիր
Թուրքական BOTAŞ ընկերության և Իրանի գազի ազգային ընկերության միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ։ Այս մասին տեղական լրատվամիջոցներին ասել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին։
Նրա խոսքով, Թուրքիայի հետ գազային պայմանագրի երկարաձգումը Իրանի նավթի նախարարության եւ Իրանի գազի ազգային ընկերության օրակարգային հարցերից մեկն է։ «Նոր համաձայնագրի համաձայն՝ Թուրքիա գազի արտահանումը կտևի մինչև 2026 թվականը: Այս շաբաթ բանակցություններ կսկսվեն BOTAŞ-ի և Իրանի գազի ազգային ընկերության միջև»,- ասել է նախարարը։
Իրանը Թուրքիային բնական գազի երրորդ մատակարարն է Ռուսաստանից և Ադրբեջանից հետո՝ տարեկան մոտ 7-8 մլրդ խմ։ Գազը Իրանի հարավում գտնվող հանքավայրերից Էրզրում քաղաքի մոտ գտնվող գազաբաշխիչ կայան է մատակարարվում 2577 կմ երկարությամբ մայրուղային խողովակաշարով: