ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել սպառազինությունների կրճատման հարցերը. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել սպառազինությունների կրճատման հարցերը, չնայած այն բանին, որ կողմերը տարաձայնություններ ունեն առանցքային հարցերի շուրջ, ինչպիսին է ՆԱՏՕ նոր անդամների, մասնավորապես՝ Ուկրաինայի մուտքը։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն կարող զիջել եվրոպական, ազգային անվտանգության բացարձակապես առանցքային սկզբունքները, այն, որ յուրաքանչյուր երկիր ընտրում է իր ուղին»,- ասել է Ստոլտենբերգը կանադական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, նրա խոսքերը մեջբերում է RBC-ն։
Նա նշել է, որ եթե դաշինքը որոշի դուրս բերել իր զորքերը, ապա դրան միացած երկրների կեսը կհայտնվի առանց պաշտպանության: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել կարևոր հարցեր, որոնց լուծումը «լավ կլիներ և՛ Ռուսաստանի, և՛ ՆԱՏՕ-ի համար», օրինակ՝ սպառազինությունների կրճատումը, այդ թվում՝ միջուկային։