Իրանն ու Չինաստանը սկսում են 25 տարվա համապարփակ համագործակցության ծրագիր
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Չինաստանի արտգործնախարար Վան Յին Չինաստանի Ուսի քաղաքում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են երկու պետությունների միջև 25 տարվա համապարփակ համագործակցության ծրագրի մեկնարկի մասին։ Այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Որոշում է կայացվել ամրապնդել համագործակցությունը էներգետիկայի, ենթակառուցվածքների, արտադրության, գիտության, բժշկության և առողջապահության ոլորտներում, ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ձկնաբուծության, կիբերանվտանգության, խորացնել հումանիտար փոխանակումները, այդ թվում՝ կրթության, կինոյի, մասնագիտական ուսուցման և այլ ոլորտներում՝ համագործակցության նոր առաջընթացի հասնելու համար»,- ասված է փաստաթղթում։
Նշված համաձայնագիրը Իրանը և Չինաստանը ստորագրել են 2021 թվականի մարտի 27-ին։