Փաշինյանը ստորագրել է Հայաստանի երկաթուղու երկու հատվածների՝ Մեղրի և Երասխ-Ադրբեջանի սահման, վերականգնման ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը
Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին ստորագրել է Հայաստանի երկաթուղու երկու հատվածների՝ Մեղրի և Երասխ-Ադրբեջանի սահման, վերականգնման ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը։ Այս մասին տեղեկացնում է e-gov.am կայքը
«Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 1-ին հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ - Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով՝ ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն
աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ»,- ասվում է որոշման մեջ:
Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել Արտաշես Թումանյանը։
Որոշմանը կից հրապարակվել է հավելված՝ խմբի կազմում ընդգրկված անդամների անվանացուցակով։