Իրանը կկարողանա օգտվել «Զանգեզուրի միջանցքի» հնարավորություններից. Մոհսեն Փաքային
«Իրանը կկարողանա օգտվել «Զանգեզուրի միջանցքի» հնարավորություններից»: Այդ մասին իրանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը։
Նա նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» մտնում է Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի մեջ, և դրա բացումը բացասաբար չի ազդի իրանա-հայկական սահմանի վրա։
«Զանգեզուրի միջանցքը կվերականգնվի տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում։ Իրանի դիրքորոշումն այնպիսին է, որ երկիրը դեմ չէ ԽՍՀՄ ժամանակներից մնացած ճանապարհների վերականգնմանը և նույնիսկ դրական է վերաբերվում դրան»,- ասել է նախկին դեսպանը։
Նրա խոսքով, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման դեպքում տարածաշրջանում անվտանգությունը կբարձրանա։
«Մենք ականատես կլինենք Ադրբեջանի և Հայաստանի հետ Իրանի սահմաններում անվտանգության վերականգնմանը»,- եզրափակել է Փաքայինը։