Սոչիում ոչ հանդիպման օրակարգը, ոչ առավել ևս ձևակերպումները դուր չեն եկել Թուրքիային․ Տոնոյանը՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Իրանագետ Արտյոմ Տոնոյանն իր էջում գրում է․« Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Ալիևը չօգտագործեց «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։
Ավելին, թեև անցած տարվա նոյեմբերի 9-ից սեփական ժողովրդի առաջ և ամենուր հայտարարում էր, որ «ղարաբաղյան հակամարտությունն» ավարտվել է, գոյություն չունի այդ անվամբ հակամարտություն և պետք չի օգտագործել այլևս այդ արտահայտությունը, նոյեմբերի 26-ին ստորագրեց եռակողմ մի հայտարարության տակ, որտեղ տեղ է գտել «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի» ձևակերպումը։
Բնականաբար, ոչ հանդիպման օրակարգը, ոչ առավել ևս ձևակերպումները դուր չեն եկել Թուրքիային, և դա է պատճառը, որ Աշխաբադ հասնելուն պես Էրդողանն այսօր Տնտեսական համագործակցության կազմակերպության հերթական նիստի ժամանակ որոշեց «դրական ազդակներ» ուղարկել Հայաստան և նորից օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը՝ կարևորելով դրա նշանակությունը Թուրքիայի համար։
Նաև հատուկ ընդգծեց. «Մենք, որպես Թուրքիա, միշտ Ադրբեջանի կողքին ենք»»։